ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ազգային քողի տակ տարածելով ցածրարժեք երաժշտություն

Ազգային քողի տակ տարածելով ցածրարժեք երաժշտություն
15.02.2021 | 20:55

«Ձայն հայրենեաց» նախաձեռնության համակարգող խմբի ներկայացուցիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ Կարեն Գևորգյանն իր մտահոգությունն է հայտնում Հանրային հեռուստաընկերության հակահայկական մշակութային քաղաքականության առնչությամբ: «Ձայն հայրենեացը» կիսում է այդ մտահոգությունը և սատարում նրան:
Կարեն Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Որպես ազգային պարարվեստի նվիրյալ, բազմիցս անդրադարձել եմ Հանրային հեռուստաընկերության հակահայկական մշակութային քաղաքականությանը: Ազգային մշակութային մի շարք ծրագրեր եմ առաջարկել հեռուստաընկերության թե՛ նախկին, թե՛ ներկա պատասխանատուներին: Նրբանկատորեն հուշում եմ, որ երկու տարի առաջ մեծ պատիվ եմ արել իմ թանկագին ժամանակը ծախսելով` հանդիպելու Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի հետ, ներկայացնելով ազգային պարերի հանրահռչակման իմ երկու հեռուստանախագծերը:


Վաղուց եմ զգացել, որ Հանրային հեռուստաընկերությունում կան օտարահպատակ ուժեր, որոնք տարիներ շարունակ ընդգծված փակում են ազգային մշակույթի դռները հայ հեռուստադիտողի առաջ: Բերեմ ընդամենը երկու օրինակ. 2018թ. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի հիմնադրման 55-ամյակի հոբելյանական համերգ-երեկոն մերժեցին տեսանկարահանել և ցուցադրել՝ պատճառաբանելով, թե հանրային հեռուստաընկերությունը բավարար տեսախցիկներ չունի նկարահանումը կազմակերպելու համար (մեկնաբանությունները թողնում եմ ձեզ): Նրանք բավարար միջոցներ չունեցան նաև նկարահանելու և ցուցադրելու հայ պարարվեստի պատմության մեջ առաջին անգամ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպված «Նաիրյան» առաջին համահայկական պարարվեստի մրցանակաբաշխությունը, որին իրենց մասնակցությունը բերեցին մեծ համբավ ունեցող ինչպես Հայաստանի և Արցախի բոլոր պետական պարային անսամբլները, այնպես էլ հայ պարարվեստում իրենց ուրույն տեղն ունեցող վաստակաշատ պարային կոլեկտիվներ: Առաջին անգամ մեկ բեմի վրա էին հայ պարի ընտրյալ կոլեկտիվները՝ տարազների շենշող բազմազանությամբ և պարային մեծակտավ բեմադրություններով:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է հայոց արժեքների նկատմամբ, ինչպես նաև հայ ազգային մշակույթով զբաղվողների իրավունքների ոտնահարման բացահայտ հակահայկական մշակութային քաղաքականություն: Մենք` ազգային մշակութային արժեքներ քարոզողներս, այսօր Հայաստանում, կարելի է ասել, համարվում ենք ազգային փոքրամասնություն: Հանրայինը շարունակում է թրքաարաբապարսկական երգ-երաժշտությունը թարգմանել հայերեն ու տարածել: Բավակա՛ն է հարստացնեք օտարի գրպանը և սննկացնեք մեր ազգայինը: Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ Հանրային հեռուստաընկերության կողմից իրականացված «Ոսկե կլառնետ» խայտառակ նախագիծը, որը, ըստ իս, մասնավորապես արված էր ազգային քողի տակ տարածելու ցածրարժեք երաժշտություն: Այդ նախագիծը իսկական տեռոր էր մեր մշակույթի նկատմամբ:


Եվ վերջում. այնպիսի տպավորություն է, որ Հանրային հեռուստաընկերության տնօրենները նոր պաշտոնը ստանձնելուց առաջ երդվում են՝ Հանրային հեռուստաընկերության եթերից իսպառ հեռացնել ազգայինը:
Հայաստանում հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է ազգային մշակութային ցեղասպանություն»:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3709

Մեկնաբանություններ